«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժիշտ դասավանդողների ներկայացրած «Կոմիտաս» նախագծով նախատեսված է Կոմիտասի նոտագրած, բայց չկատարված հայկական ժողովրդական երգերի կատարում և ձայնագրում, որոնք կլինեն ունկնդրման նյութեր, կհամալրեն Կոմիտասի ձայնադարանը և կտեղադրվեն Կրթահամալիրի «Ձայնադարան» բաժնում:

Հայկական ժողովրդական երգերի կատարման համար, բացի վոկալ տվյալներից, հարկավոր է ունենալ ազգային գիտակցություն, լինել ազգայինի կրողը, ճիշտ զգալ և ճիշտ գույներով ներկայացնել: Ժամանակակից հայը բավական հեռացել է իր ազգային երգարվեստը ստեղծող հայի տեսակից: Այդ է պատճառը, որ հիմնականում կատարողները չեն զգում և այլ դաշտում են կատարում, այլ երանգներով են ներկայացնում բնության հետ հարմոնիկ ապրող հայի ստեղծած երգերը (պարերը): Կարծում եմ՝ այն կատարումները, որոնք չեն բխում ստեղծագործության ասելիքից, չպետք է մատուցվեն սովորողներին, քանի որ այդպես էլ նրանց համար չի բացահայտվում ամենակարևորը: Այստեղից էլ առաջացել է պահանջ՝ նոր ձայնագրություններ կատարելու:

Մեր կրթահամալիրում աշխատող երաժիշտներից Սեյրան Ավագյանը և Տաթև Ստեփանյանը ունեն բոլոր տվյալները՝ կատարելու և հանրությանը ներկայացնելու մինչև այժմ չկատարված հայկական ծողովրդական ստեղծագործությունները: Աշխատանքը կատարվելու է երաժիշտներից կազմված աշխատախմբի հետ համագործակցված: Ձայնագրությունները կդառնան ունկնդրման նյութեր և  կկհամալրեն կրթահամալիրի «Ձայնադարան» բաժնի «Կոմիտաս» փաթեթը:

«Երաժշտության ունկնդրման նյութերի փաթեթ» նախագծով, բացի Կոմիտասի չձայնագրված երգերի կատարվելիք ձայնագրություններից, սովորողների հետ ներկայացնելու եմ՝

ա. համերգների ընթացքում կատարված տեսագրություններով ստեղծված տեսանյութեր,

բ. Կոմիտասի ստեղծագործությունների ունկնդրման արդյունքում ստեղծված նկարներով տեսաֆիլմեր (այդ գործունեությունը իրականացնում են նաև դասվարները՝ համագործակցելով երաժշտության դասավանդողի հետ),

գ. տեսախցիկով կատարում են ընտրած ստեղծագործության բնույթին համապատասխան նկարահանումներ, տեսապատկերներ և ստեղծում ֆիլմեր, որոնք կարող են դառնալ ուսումնական նյութեր,

դ. ուսումնական այլ տեսաֆիլմերի համար կատարում են երաժշտական ձևավորում՝ ընտրելով Կոմիտասի ստեղծագործություններից,

ե. կատարում են ռադիոհաղորդումների, ռադիո և այլ բեմականացումների երաժշտական ձևավորում:

Բոլոր նյութերը կտեղադրվեն իրենց բլոգում, կայքում, իսկ ամենահաջողվածները, երաժշտության դասավանդողի կողմից՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Ձայնադարան» բաժնում:

Երաժշտության դասավանդողներ